Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը միշտ չէ, որ դժգոհ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից. նա այդ կարծիքը ձևավորել է ընդամենը վերջին մի քանի տարիներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մամեդյարովի հայտնած այն մտքին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի 20-ամյա միջնորդական առաքելությունն ապարդյուն է անցել:
«Ադրբեջանը միշտ էլ իմացել է, որ ո՛չ խաղաղություն – ո՛չ պատերազմ իրադրությունն արդյունք է Մինսկի խմբի գործունեության: Այդ կառույցը, չնայած իր դանդաղկոտ և տեղ-տեղ ոչ այնքան պարզ գործունեությանը, մինչ օրս ամրապնդել է տարածաշրջանային կայունությունը և թույլ չի տվել մեծածավալ պատերազմ ծավալել:
Բացի այդ՝ հայկական կողմն է համաձայնել կանգնեցնել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմը: Սա կարելի է որակել որպես ՄԽ 20-ամյա միջնորդական գործունեության դրական կողմ»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Նախկին պատգամավորի խոսքով՝ կառույցի գործունեության բացասական կողմը իր իսկ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջամտությամբ ձևավորված Մադրիդյան սկզբունքներն են: «Դրանք բացարձակապես չեն կարող բանալի դառնալ ստեղծված իրավիճակի համար և չեն կարող ծառայել երկարատև խաղաղության կայացմանը: Այդ սկզբունքներն իրենց մեջ այնպիսի հակասություններ են կրում և ոչ իրավական մոտեցումներ, որոնք չեն կարող բավարարել, ո՛չ հայկական կողմերին, ո՛չ էլ Ադրբեջանին»,- նշեց նախկին խորհրդարանականը՝ նկատելով, որ այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և՛ դրական, և՛ բացասական կողմեր ունի:
Ամփոփելով՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ հայկական կողմերը պետք է հստակեցնեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս գործունեության շարունակությունը որևէ արդյունքի չի հանգեցնելու:
«Մենք պետք է ոչ թե անցյալը գնահատենք, այլ ապագայի հնարավորությունները: Կոնկրետ, Մադրիդյան սկզբունքների փոփոխություն է անհրաժեշտ»,- ասաց Ալավերդյանը:









































