Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշմամբ ՀՀ ոստիկանության զորքերի տեխնիկայի և սպառազինության գծով հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանի դեմ հարուցված զենքի հափշտակության գործը կքննվի դռնփակ պայմաններում` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ առնչվող նյութերի առկայությունը՝ դատարանին այսօր նման միջնորդություն է ներկայացրել Մանուկյանի պաշտպան Հասմիկ Պապյանը:
Հիշեցնենք, որ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը շահադիտական նպատակով ծառայության շահերին հակառակ օգտագործելու և իրեն վստահված գույքը հափշտակելու համար: Ընդ որում, ըստ նախաքննական մարմնի, ոստիկանության գնդապետ Վ. Մանուկյանը հափշտակել է ոչ միայն գույք, այլ նաև ռազմամթերք ու իրացրել, ինչպես նաև ապօրինի կերպով ձեռք է բերել, ապա պահել հրազեն, ռազմամթերք, կատարել է նաև պաշտոնեական կեղծիքներ: Մեղադրանքն առաջադրված է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով` շուրջ 10 դրվագով:
Նշենք, որ գործով դատավճռի հրապարակումը դատարանի որոշմամբ կլինի հրապարակային:








































