Իտալացի սահմանապահները 25 աֆղան փախստականների են հայտնաբերել Հունաստանից Բարիի նավահանգիստ ժամանած ծովամթերքի կոնտեյներներում,- հաղորդում է AGI-ն: Աֆղանները, ինչպես երևում է նրանց բացատրություններից, փորձել են անօրինական կերպով մուտք գործել Իտալիա:
Սահմանապահները հատուկ ջանասիրությամբ ստուգել են ծովամթերքի կոնտեյներները և պարզել, որ դրանում անջատված է եղել սառեցման համակարգը: Անօրինական միգրանտներին հայտնաբերել են հատուկ սքանավորող սարքի միջոցով:
Աֆղաններն անմիջապես հետ են ուղարկվել Հունաստան:
Իտալիայի իշխանությունների կողմից աֆղանների բացատրությունները չլսելու ցանկությունը և նրանց անհապաղ արտաքսումը քննադատությունների տեղիք է տվել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից,- հաղորդում է Agence France-Presse-ը: Միգրանտների իրավունքների պաշտպանները հայտարարել են, որ Հռոմը պետք է թույլ տար աֆղաններին փաստաթղթեր ներկայացնել քաղաքական ապաստան ստանալու համար:
Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում խիստ ակտիվացել է Հունաստանից Իտալիա անօրինական ներգաղթյալների հոսքը, քանի որ Հունաստանում վատացել է տնտեսական դրությունը և տեղի բնակիչների վերաբերմունքը եկվորների նկատմամբ:










































