Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի 6 անդամներ նամակ են հղել ԵՄ-ի՝ արտաքին քաղաքականության ու անվտանգության գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնին, որում ողջունել են նրա հունիսի 26-ի հայտարարությունը: Դրանում Էշթոնն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել վերջ դնել քաղաքական դրդապատճառներով քաղաքացիների հետապնդմանը:
Եվրապատգամավորներն ընդգծել են, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթից հետո Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ճնշումը և շարունակում են քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների պրակտիկան:
Ուղերձում հիշեցվում է, որ հունիսի 26-ին Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովն ընդունել էր մի բանաձև, որում Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել լուծել մոտ 80 քաղբանտարկյալների հարց և հետագայում դադարեցնել նմանատիպ ձերբակալությունները:
Եվրապատգամավորներն Էշթոնին խնդրել են, որ նա Ադրբեջանի իշխանություններից պահանջի դադարեցնել քաղաքական դրդապատճառներով սեփական կարծիքն ունեցող անձանց ձերբակալումը և ապահովել Եվրոպայի Խորհրդի անդամ Ադրբեջանի կողմից տվյալ ոլորտում ստանձնած պարտավորությունների իրագործումը:






































