«Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց փետրվար-մայիս ամիսներին իրականացված հեռուստամոնիտորինգի արդյունքները: Այն անցկացվել է լրատվական հաղորդումներում, թոք-շոուներում, սերիալներում, հեղինակային և մանկական հաղորդումներում և այլն:
Պրն Ալավերդյանի խոսքով` 6000 խուլեր ամեն օր ստիպված են գուշակել, թե ինչ է խոսվում եթերում. «Գոնե լրատվական հաղորդումներում պետք է լինի սուրդո թարգմանիչ, որպեսզի լսողության հետ խնդիրներ ունեցող մեր ազգակիցները հնարավորություն ունենան այն ընկալելու»:
Նրա հավաստմամբ՝ վազող տողով ևս դժվար է կարդալ, քանի որ խուլերից շատերը կամ կարդալ չգիտեն, կամ չեն հասցնում կարդալ գրվածը:
Բանախոսի խոսքերով՝ հաճախ հեռուստաեթերից սխալ ձևով են ներկայացնում հաշմանդամներին: Սերիալներում նրանց ոտքերին անպայման շոր են գցում, ինչի կարիքը չկա, նրանք ագրեսիվ են, կյանքի վրա չարացած, ուզում են ինքնասպանություն գործել, սակայն վերջում ուժ են գտնում և ոտքի կանգնում. «Սա վատ է անդրադառնում նրանց վրա, որովհետև շատ հաշմանդամներ ևս ունեն կամքի ուժ, սակայն ոտքի չեն կանգնում զուտ այն պատճառով, որ դա հնարավոր չէ՝ կապված ախտորոշման հետ»:
«Ունիսոն» ՀԿ հասարակության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանն էլ նշեց, որ եթերում հաճախ սխալ տերմիններ են օգտագործում, օրինակ` սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ, սայլակին գամված, և այդպիսով առաջացնում են խղճահարության զգացում, եթերում անհամապատասխան կադրեր են ներկայացվում հաշմանդամների մասին խոսելիս:
Այս խնդիրներից խուսափելու համար բանախոսները հորդորեցին այն մարդկանց, ովքեր հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին ինչ-որ բան են ուզում անել, դիմեն իրենց, և իրենք կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն և տեսանյութեր:











































