«ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը ամփոփել է առցանց դրամաշնորհային համակարգի այս տարվա երրորդ եռամսյակի մրցույթի արդյունքները, և հաղթող կազմակերպությունները պետբյուջեից դրամաշնորհ կստանան:
«Առցանց համակարգի նորամուծությունը փոխնախարար Արսեն Քարամյանինն է, և ուշագրավ Է, որ մերժվածների թվում Է նաև սպորտի և երիտասարդության մյուս փոխնախարար, «Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության (ՀՀԿ) նախագահ Խաչիկ Ասրյանի ներկայացրած՝ «Հայոց ազգային բանակը որպես բացարձակ արժեք» ծրագիրը: Սրանով Քարամյանը փորձել է ապացուցել, որ «ծանոթ-մանոթ» չի անցնում, և անկախ փորձագետներն են գնահատում այդ ամենը:
Մինչդեռ զարմանալի զուգադիպությամբ փորձագետները միշտ բարձր միավորներ են դնում այն ՀԿ-ների ծրագրերին, որոնք որևէ կապ ունեն Քարամյանի մտերիմների հետ:
Ըստ «ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ պարտությունը խիստ զայրացրել է Խաչիկ Ասրյանին: Եվ հնարավոր է, որ առաջիկայում որոշ ՀԿ-ներ բաց նամակով դիմեն ՀՀ վարչապետին՝ մանրամասն ներկայացնելով թե իրականում ինչ է կատարվում առցանց համակարգում»:











































