«Վերջին օրերին անընդհատ խոսվում է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը լուրջ խնդիրներ ունի իր կուսակցության՝ ՀՀԿ ներսում: Բանն այն է, որ նա ամեն գնով մտադիր է առաջադրվել սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում, մինչդեռ ՀՀԿ-ում այլևս չեն ցանկանում Ղուկասյանին տեսնել այդ պաշտոնում»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ավելին, ՀՀԿ Գյումրու գրասենյակում նույնիսկ քննարկում է եղել ԲՀԿ թեկնածուին սատարելու մասին, սակայն հետո հայտարարվել է, որ դա նպատակահարմար չէ՝ ելնելով այդ կուսակցության՝ կոալիցիա չմտնելու որոշումից: Բայց չի բացառվում, որ ՀՀԿ-ականները ներքին կարգով սատարեն ԲՀԿ թեկնածուին: Իսկ մինչ այդ Վարդան Ղուկասյանն իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ անկախ կուսակցության որոշումից՝ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը. «Ուզում է սատարեն, ուզում է չէ, ես ինքնաառաջադրումով կմասնակցեմ ընտրություններին»:
Քաղաքապետի մամուլի խոսնակ Լ. Աղեկյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատել է այս լուրը` ասելով որ Ղուկասյանն իսկապես պատրաստվում է առաջադրվել:










































