2009 թ. Հայ Առաքելական եկեղեցին ընդունել է թեմերի և ծխերի վերաբերյալ կանոնների փոփոխություն: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի և Բուլղարիայի հայկական համայնքները օրերս հրապարակել էին հայտարարություն այն մասին, որ դեմ են Առաքելական եկեղեցու սահմանած նոր կանոններին: Տեր Վահրամ քահանայի խոսքով, այդ կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին որոշմանը մասնակցել են նաև տարբեր երկրներում գործող հայկական թեմերի ներկայացուցիչները:
«Ի տարբերություն խորհրդային տարիների` այժմ եկեղեցին հնարավորություն ունի վերահսկելու իր թեմերի ու ծխերի գործունեությունը»,- տեր Վահրամի խոսքով, այս նպատակն է հետապնդում նոր կանոնակարգը: «Եկեղեցին ունի հայապահպանության խնդիր, թեմերը ու ծխերը Էջմիածնին ենթակա կառույցներ են և պետք է հայ համայնքին ծառայեն»,- ասում է Տեր Վահրամը:
Համայնքների դժգոհության պատճառը, ըստ Ֆրանսիայում գործուղում անցած Մեսրոպ աբեղա Պարսամյանի, այն է, որ 70-80 տարի շարունակ համայնքները ղեկավարվել են ընտանիքների կողմից, այժմ նրանց գործողությունները պիտի սահմանափակվեն: «Քահանան իրավասություն չուներ, նա ենթարկվում էր եկեղեցու հովանավոր ընտանիքին:
Նոր կանոնակարգի համաձայն` յուրաքանչյուր համայնքի սեփականությունը պատկանում է համայնքին, թեմինը` թեմին: Սակայն եթե հայ համայնքը վերանում է, ունեցվածքը անցնում է մայր Աթոռ սուրբ Էջմիածնին: Մարդիկ, ովքեր ուզում են՝ կանոնադրությունը չանցնի, ցանկանում են շարունակել վերահսկել համայքային ընտրությունները»:









































