Այսօր լրագրողների հետ հանդիպմանը բանաստեղծուհի Սոնա Վանը խոսեց «Նարցիս» ամսագրի և ամեն տարի կազմակերպվող մրցանակաբաշխության մասին:
Նա նշեց, որ ամսագիրը հիմնադրվել է 2006 թվականին ամուսնու` Նուբար Ջանոյանի ֆինանսական աջակցությամբ: Ամսագիրն ունեցել է նաև շատ այլ հովանավորողներ, այդ թվում` Վահան Վարդանյանը: Բանաստեղծուհու կարծիքով` ամսագիրը կարևոր ներկայություն դարձավ հայ մշակույթի, մերօրյա գրողների համար:
Ըստ նրա՝ ամսագրի ձեռքբերումներից մեկն այն է, որ այնտեղ տեղ են գտնում տարբեր լեզուներով թարգմանություններ, և դրանով հայ գրողը իրեն համաշխարհային գրականության մաս է զգում:
«Այս տարիների ընթացքում փորձել ենք կազմակերպել մրցանակաբաշխություն` պարզելու համար, թե ով է տարվա լավագույն գրողը: Դա ամսագրային մրցանակաբաշխություն է, հանձնաժողովը ամսագրի գրական խումբն է, որի անդամներից է Դավիթ Կասպարյանը: Մրցանակաբաշխության ժամանակ պարտադիր հաշվի է առնվում ընթերցողների, գրաքննադատների, գրողների կարծիքը: Շուտով` ամսի 27-ին, նախատեսվում է հերթական մրցանակաբաշխությունը:
Նախորդ տարիների մրցանակակիրներից են Լևոն Խեչոյանը, Արմեն Մարտիրոսյանը, բանաստեղծ Մանասեն: Մենք ունենք բազմաթիվ նոր դեմքեր, որոնք միայն այս ամսագրի միջոցով են հայտնի դարձել, և դրա համար ես հպարտ եմ»,- մանրամասնեց բանաստեղծուհին՝ ասելով, որ այս գրական մրցանակաբաշխությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ պարունակում է անակնկալի պահ:
Սոնա Վանը մեկնաբանեց նաև «Նարցիս» ամսագրի անվանումը` նշելով, որ այն միշտ էլ շատ հարցադրումների տեղիք է տվել:
«Անվանման ընտրությունն ինձ է պատկանում: Եթե կարդանք Նարցիսի ամբողջ առասպելը, ապա պարզ կլինի, որ նրա ֆենոմենը ինքնասիրահարվածությամբ իրեն բացահայտելու մեջ է: Նարցիսը հետագայում տրանսֆորմացվում է և կարողանում սիրել. այստեղ խոսքը ներքին տրանսֆորմացիայի մասին է, որը գրականության և Քրիստոսի կարևոր ֆենոմենն է և իսկական ստեղծագործական երևույթ»,- հստակեցրեց Սոնա Վանը՝ ընդգծելով, որ անվանումը ճիշտ է ընտրված:
Ըստ նրա՝ այսօր մեր փոքր պետության համար կարևորագույնը լեզվի խնդիրն է, որը ազգային անվտանգության խնդիր է: Նա նշեց, որ իրեն մեծ ցավ է պատճառում սերիալների ժարգոնային լեզուն. ամեն անգամ հայրենիք գալով` բանաստեղծուհին հանդիպում է մի նոր լեզվի:
Անդրադառնալով հասարակության ակտիվությանը՝ նա դրական և բացասական, բնականոն և ոչ բնականոն է համարում այն երևույթները, որոնք այդ ակտիվության պատճառն են:
«Երբ մարդը հեռանում է բարձր մշակույթից և հակամշակութային երևույթների է ձգտում, մթնոլորտը չի կարող լավը լինել: Իսկ երբ հակամշակութային է մթնոլորտը, գլուխ են բարձրացնում հասարակության վայրենի բնազդները: Ցավալի է, բայց դա արվեստից հեռացող հասարակության համար բնական է: Հասարակությունը, որպես խումբ, հայտնվում է իշխանության և օրենքի միջև»,- ամփոփեց Սոնա Վանը:









































