Դամասկոսում սիրիական հատուկ ծառայությունների աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը պայթեցվել է: Ինչպես հաղորդել է բրիտանական արբանյակային Sky news ալիքը, ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել ավտոբուսի թափքին, աշխատել է այն պահին, երբ անվտանգության ծառայության սպաներն անցել են Միդան մայրաքաղաքային թաղամասի ավտոճանապարհի մոտով:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններն իրար հակասող են: Աղբյուրներից մեկը հաղորդում է, որ պայթյունը խլել է մի քանի մարդու կյանք, մյուսները վստահեցնում են, որ այն ընդհանրապես զոհերի չի հանգեցրել: Սակայն ակնհայտ է, որ միջադեպի պատճառով շատ մարդիկ վիրավորվել են:
Սիրիական իշխանությունները դեռևս պաշտոնական մեկնաբանություններ չեն արել:








































