Շաբաթ օրը Թել-Ավիվում տեղի ունեցած հակակառավարական ցույցի ժամանակ իսրայելցին իր վրա դյուրավառ հեղուկ է լցրել և ինքնահրկիզվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ոստիկանության տվյալներով` մինչ կյանքին վերջ դնելու փորձ կատարելը, մոտ 40 տարեկան տղամարդը թռուցիկներ է տարածել` Իսրայելի կառավարությանը մեղադրելով իրենից ամեն ինչ խլելու մեջ:
«Ես մեղադրում եմ Իսրայելին, վարչապետ Բենիամին Նեթանյահուին և ֆինանսների նախարար Յուվալ Շտեյնիցին մշտական ստորացման համար, որը Իսրայելի քաղաքացիները ստիպված են ամեն օր հանդուրժել: Կառավարությունը ամեն ինչ խլում է աղքատներից ու տալիս հարուստներին»,- ինքնասպանության փորձ կատարողի հայտարարությունից մեջբերում է Agence France-Presse-ը:
Տղամարդը ստացել է լուրջ այրվածքներ և ծանր վիճակով հոսպիտալացվել:
Իսրայելի մայրաքաղաքում երեկ երեկոյան տեղի ունեցած ցույցին մասնակցել է ընդհանուր առմամբ 8000 մարդ: Ցույցը նվիրված է եղել երկրում կենսապայմանների վատթարացման, աճող թանկացման դեմ բողոքի ակցիաների մեկնարկի մեկ տարվան:









































