Ամերիկացի ռոք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը Լոնդոնում անցկացվող Hard Rock Calling երաժշտական փառատոնի երկրորդ օրվա սպասված հյուրն էր: Նրա հետ միասին ելույթ էր ունենում նաև «Բիթլզ»-ի նախկին երաժիշտ Փոլ Մաքքարթնին: Hyde Park-ում ռոք աստղերի ելույթի ժամանակ կազմակերպիչները բարձրախոսներն անջատել են, քանի որ նրանց ելույթը համարել են չափազանց երկար: Մաքքարթնին Սփրինգսթինին էր միացել նրա ելույթի վերջում` կատարելու «Բիթլզ»-ի երկու հանրահայտ` I Saw Her Standing There և Twist and Shout երգերը:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, մինչ նրանք կկարողանային իրենց երախտագիտությունը հայտնել հանդիսականներին ծափահարությունների համար, նրանց բարձրախոսներն անջատվել են, և հայտնի երաժիշտները ստիպված են եղել բեմից հեռանալ: Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Սփրինգսթինը գերազանցել է իր ելույթի համար նախատեսված 3 ժամը:
Չնայած միջադեպին` փառատոնը կշարունակվի: Այսօր ելույթ կունենա ամերիկացի երաժիշտ Փոլ Սայմոնը:









































