«Ամռանը հատկապես շատ են աղիքային հիվանդությունները, որոնք կապված են շոգ եղանակի հետ: Տարբեր սեզոնին բնորոշ է որևէ հիվանդության սրում, տրամաբանորեն դա կոչվում է սեզոնային բարձրացում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, բժշկական գիտությունների թեկնածու, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Դավիդյանցը:
Նա այս սեզոնին հատկապես կարևորեց երեխաների հիգիենան: Նրանք շատ են շփվում դրսի միջավայրի հետ, կարող են ձեռքերով աղիքային ինֆեկցիաներ բերել, դրա համար անհրաժեշտ է ծնողների հսկողությունը, որպեսզի նրանք պահպանեն տարրական հիգիենայի կանոնները. «Այս սեզոնին շատ են ուտում բանջարեղեն, մրգեր, որոնց լվացած չլինելու դեպքում ևս հնարավոր է աղիքային հիվանդություններ առաջանան»:
Դավիդյանցը հատկապես շեշտեց, որ անհրաժեշտ է չօգտագործել կրեմային տորթեր, արևի տակ վաճառվող սնունդ: Նա նշեց նաև, որ տարբեր հիվանդություններ կարող են փոխանցել առնետներն ու ճանճերը: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին կատարել աղբահանություն:
Այս սեզոնին պետք է զգուշանան սիրտ-անոթային հիվանդությունների խանգարումներ, սրտի առիթմիա ունեցող մարդիկ. «Շոգի ժամանակ օրգանիզմը լարված է լինում, դրա համար չի կարելի ծանրաբեռնված լինել, շատ ուշադիր պիտի լինեն հղի կանայք, թեթև շորեր հագնեն, որ օրգանիզմը շնչի, անպայման գլխարկ կրեն»:
Վերջում պարոն Դավիդյանցն ավելացրեց, որ այս սեզոնին եթե մարդիկ գնում են հանգստի բնության գրկում, նախընտրելի է մեկանգամյա օգտագործման սպասք վերցնել, օգտագործելուց հետո աղբը հավաքել, որպեսզի դա առնետների, ճանճերի բույն չդառնա. «Մարդը դրսի միջավայրում իրեն պետք է պահի որպես մարդ»,- եզրափակեց բժիշկը:









































