Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.30-ի սահմաններում Սարյան 27 շենքի մոտ հաստաբուն ծառը քամու հետևանքով շրջվել և ընկել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com-ին հայտնել է, որ դեպքի մասին տեղյակ են պահվել «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ պատասխանատուները, սակայն բնակիչները, չսպասելով նրանց ժամանմանը, իրենց ուժերով ճոպանների միջոցով կարողացան ծառը «Օպելի» վրայից հեռացնել:
Ժամանել են նաև «Կենտրոն Կանաչապատում» ՓԲԸ աշխատակիցները և սկսեցին հեռացնել ծառը նշված տարածքից, քանի որ այն ծառի արմատները գետնի տակից վնասել են ասֆալտը:
Բարեբախտաբար ծառի ընկնելու արդյունքում զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածը վտանգավոր էր, քանի որ ծառի ընկնելու վայրում կար բակային տաղավար («բեսեդկա») և, բացի այդ, այդտեղ հաճախ երեխաներ են խաղում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ էլ մեկ այլ հաստաբուն ծառ էլ ընկել էր կրկին Երևանի կենտրոնում՝ Սայաթ Նովայի պողոտայում գտնվող շենքերից մեկի բակում՝ վնասելով երկու «ԲՄՎ» ավտոմեքենաներ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի









































