Արդեն 16 դար է, ինչ գոյություն ունի Սբ Վալենտինի տոնը, և 4 դար է, ինչ այն պաշտոնապես նշվում է աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես Արևմուտքում: Արաբական աշխարհ այս տոնը ներթափանցել է վերջերս և հիմնականում լայն արձագանք ստացել երիտասարդների շրջանում, սակայն իսլամը այն վատ տոն է համարում:
Հայաստանում ևս այն նշվում է երիտասարդների շրջանում։ Հայ Առաքելական եկեղեցին նման տոն չի նշում, քանզի մեր եկեղեցին Սբ Վալենտինին համարժեք տոն ունի` Սբ Սարգիսը, որն այս տարի նշվելու է փետրվարի 19-ին: Ռուսաստանում ևս նույն պատկերն է, քանզի ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների վերաբերմունքն այս տոնի նկատմամբ միանշանակ չէ:
Ինչպես և մի շարք քրիստոնեական տոներ, այս տոնի արմատները նույնպես ծագում են դեռևս հեթանոսական ժամանակներից: Հեթանոս հռոմեացիները ունեին Սիրո տոն, որը նշում էին փետրվարի 14-ին: Ներկայիս Սբ Վալենտինի տոնը ծագել է հռոմեացի կայսր Կլավդիոսի ժամանակներից: Նա ամուսնության սահմանափակումներ մտցրեց, քանի որ շատ երիտասարդներ ամուսնանում էին, որպեսզի ազատվեն զինվորական ծառայությունից: Քրիստոնյա հոգևորական Վալենտինը որոշեց անտեսել այդ օրենքը և գաղտնի մի քանի ամուսնական արարողություններ անցկացրեց: Նրան ձերբակալեցին և փետրվարի 14-ին մահապատժի ենթարկեցին:
Հետագայում Վալենտինը դասվեց կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքը, իսկ 469 թ. Գելասիուս կայսրը փետրվարի 14-ը հայտարարեց Սբ Վալենտինի օր, ինչը և հնարավորություն տվեց հեթանոսական տոնը փոխարինել քրիստոնեականով:
Սբ Վալենտինի տոնին սիրահարները միմյանց նվիրում են ծաղիկներ, կոնֆետներ, խաղալիքներ, սրտաձև փուչիկներ և սիրային խոստովանություններ ու սիրո մասին բանաստեղծություններ պարունակող հատուկ բացիկներ` հիմնականում սրտաձև, որոնք անվանում են վալենտինկաներ:
Ի դեպ, ԱՄՆ շնորհավորական բացիկների ասոցացիայի տվյալներով, վալենտինկաները Սուրբ Ծննդյան բացիկներից հետո ամենատարածված և ամենաշատ վաճառվող շնորհավորական բացիկներն են:







































