Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «լավ մարդ է», և հերքել է այն պնդումները, թե իր երկիրը կարող է լուրջ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար։
«Եթե մի պահ մոռանանք, որ նա ԱՄՆ նախագահն է, ապա անձնական տեսակետից Օբաման լավ մարդ է»,- ասել է Չավեսը վենեսուելական հեռուստատեսությամբ ունեցած հերթական երկարատև հարցազրույցի ժամանակ։ Չավեսն ասել է, որ 2009թ.-ին Օբամայի հետ հանդիպման ժամանակ վերջինս հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը չի միջամտի Վենեսուելայի ներքին գործերին: «Վենեսուելան ոչ մի վտանգ չի ներկայացնում ԱՄՆ կառավարության համար»,- ասել է Չավեսը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Բարաք Օբաման ամերիկյան հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել էր, որ լատինաամերիկյան այդ երկիրը վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, ինչից հետո նրա հիմնական մրցակից հանրապետական Միթ Ռոմնին քննադատության էր ենթարկել Օբամային նման հայտարարության համար։









































