Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ռուսաստանին և Չինաստանին կոչ է արել փոխել իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում։ Այս մասին նախագահն ասել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նա կոչ է արել ուժեղացնել պատժամիջոցները Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի և նրա ռեժիմի դեմ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Մենք ամեն օր տեղեկանում ենք, թե ինչպես են մարդիկ զոհվում, քանի որ ռեժիմը որոշել է ուժ կիրառել սեփական ժողովրդի դեմ։ Ես ցանկանում եմ ասել, որ եթե Չինաստանն ու Ռուսաստանը չաջակցեն պատժամիջոցների խստացման հարցում, դա կհանգեցնի Սիրիայում քաոսի և պատերազմի, և միայն կվնասի նրանց (Չինաստանի և Ռուսաստանի-խմբ.) շահերին», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ համաշխարհային առաջնորդներն ակտիվորեն քննարկում են սիրիական Թրեմսեհում տեղի ունեցած սպանդը։ Շատ առաջնորդներ դատապարտել են սիրիական իշխանություններին այս ոճրագործության համար՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար։










































