TRT Haber-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր կատարել է Իգդիրի օդանավակայանի բացումը: Բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է.
«Իգդիրի նահանգը Թուրքիան կապում է եղբայրական Նախիջևանի հետ: Իգդիրի նահանգի զարգացումը նպաստում է նաև Ադրբեջանի զարգացմանը: Իգդիրում օդանավակայանի կառուցումը հանգեցնելու է նահանգում ներդրողների ներգրավմանը, ինչն հերթին զգալիորեն կբարելավի նրա բնակիչների բարեկեցությունը:
Առաջին փուլում Իգդիրի օդանավակայանից շաբաթական 4 չվերթ կիրականացվի դեպի Անկարա և Ստամբուլ: Օգոստոսից այդ չվերթները կանցկացվեն ամեն օր»: Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև PKK-ի դեմ պայքարի խնդրին:
Օդանավակայանի թռիչքուղու երկարությունը կազմում է 3000 մետր: Օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 500,000 մարդու: Օդանավակայանի կառուցման ուղղությամբ առաջին քայլերը կատարվել են դեռևս 1996 թվականին, սակայն բուն գործընթացը մեկնարկել է 2010 թվականին:









































