Քիչ առաջ ԱԺ շենքի մոտ մեկնարկեց ակցիա` ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և ԱԺ կոալիցիոն ուժերի նախաձեռնությանը միանալու պահանջով:
Ակցիայի մասնակից` «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ 4 խմբակցությունների դիմումը մերժվել էր, իսկ երեկվանից մեկնարկել է արտակոալիցիոն ուժերի ստորագրահավաքը, որի վերաբերյալ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե պատգամավորները հանրապետությունում չեն: Ուստի Դավիթ Սանասարյանը ընդգծեց, որ պատգամավորները արձակուրդ կարող էին վերցնել հուլիսի 15-ից և այսօր պետք է ինչ-որ կերպ մասնակցեն ստորագրահավաքին` վերադառնալով Հայաստան:
«Արտակոալիցիոն կուսակցությունների բոլոր անդամներից պահանջում ենք միանալ նախաձեռնությանը, որովհետև ԱԺ-ում հատուկ հանձնաժողով անպայման պետք է ստեղծվի: «Հարսնաքարի» գործով ոստիկանության հայտարարությունը ցույց տվեց, որ հարուցված քրգործի քննությունը թափանցիկ չէ, իսկ հանձնաժողովը կապահովի այս գործի ամբողջ թափանցիկությունը»,- ասաց նա:
Իր հերթին ակցիային ներկա Զառա Հովհաննիսյանը նշեց. «Այս պահին ստորագրահավաքին միացել է 14 պատգամավոր` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններից: Ստորագրահավաքին միացել են պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբեն Հակոբյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդան Օսկանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էլինար Վարդանյանը:
Մյուսներին կոչ ենք անում մինչև ժամը 18-00-ը միանալ»:
Հարցի վերաբերյալ իրենց մտահոգությունը հայտնեցին և արտահերթ նիստ հրավիրելու ու հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտությունը կարևորեցին «Ժառանգության» պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Զարուհի Փոստանջյանը:
Այս պահին ԱԺ շենքի մոտ են ակցիայի շուրջ 50 մասնակիցներ` մշակույթի գործիչներ, կուսակցությունների ակտիվիստներ, պատգամավորներ և քաղաքագետներ: Նրանցից ոմանք մինչև ստորագրահավաքի ավարտը կլինեն ԱԺ շենքի մոտ:









































