«Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Անի» կաթնամթերքում արտադրողները դադարել են կոկոսի յուղ օգտագործել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ ՏՄՊՊՀ կողմից խախտումը հայտնաբերելուց հետո անցած տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտները հանրապետական լաբորատորիա ներկայացրին նմուշներ, այս տարի բուսասերուցքի կարգավորման խնդիր չի եղել:
«Բուսասերուցքի միջոցով յուղայնության կարգավորման խնդիրն առաջանում է սեզոնայնության հետ կապված: Այժմ կաթն ավելի էժան են մթերում, կաթի յուղայնությունն էլ բավականին բարձր է, և հիմա առավել շատ խնդիրներ լինում են անվտանգության հետ կապված, քան մրցակցային: «Աշտարակ կաթը», «Մարիաննան» և «Անին» կարգավորել էին իրենց կաթնամթերքը»,- ասաց Բ.Պիպոյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերին «Աշտարակ կաթ», «Անի կաթ» և «Դուստր Մարիաննա» ընկերությունները տուգանվեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կողմից՝ կաթնամթերքում արգելված հավելանյութ՝ կոկոսի յուղ, օգտագործելու և սխալ մակնշման համար: ՏՄՊՊՀ-ն այս 3 ընկերությունների համար սահմանել էր առավելագույն պատիժ՝ տարեկան հասույթի 1%-ի չափով: