Աշխարհում սուրճի վաճառքով զբաղվող Starbucks խանութների խոշորագույն ցանցը սուրճի վաճառակետ կբացի Հարավային Կարոլինայի Robinson Funeral թաղման բյուրոյում: Այս մասին հաղորդում է տեղի WSPA հրատարակությունը:
Starbucks-ի նոր վաճառակետի բացման հստակ ժամկետները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ բացումը նախատեսվում է մոտ ժամանակներս:
Քրիս Ռոբինսոնը, որը ներկայացնում է սգո ծառայության բյուրոյի տերերի 4-րդ սերունդը, ասել է, որ սուրճի վաճառքը միշտ էլ եղել է իրենց ընտանեկան բիզնեսի մի մասը: Նրա խոսքով՝ իր նախապապը սկսել է դագաղներ վաճառել սովորական խանութում, որտեղ մարդիկ հավաքվում էին սուրճ խմելու, իսկ այնուհետև խանութին կից առանձին հատված է բացել, որը դարձել է թաղման բյուրո:
2012-ի սկզբից Starbucks ցանցը մրցունակությունը բարելավելու համար հարստացնում է իր սրճարանների մենյուն: Հունվարին ընկերությունը հայտարարել էր, որ ծրագրում է ալկոհոլի վաճառք սկսել: Մարտին տեղեկացանք, որ Starbucks-ը սկսել է ֆրեշ-հյութերի իրացումը, իսկ հունիսին հաղորդվեց, որ ցանցը իր հաճախորդներին կհրամցնի ֆրանսիական թխվածքաբլիթներ:
Starbucks ցանցը, որը հիմնադրվել է 1971 թվականին, աշխարհի 50 երկրում ավելի քան 17 հազար սրճարան-խանութ ունի:










































