Իրանը և Իրաքը պաշտպանում են Սիրիայում անցումային կառավարություն ստեղծելու որոշումը: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters-ը, այսօր հայտնել է Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը:
«Իրանի և Իրաքի կառավարությունները պաշտպանում են ավելի վաղ առաջարկված 6 կետից բաղկացած ծրագիրը: Նրանք նաև կողմ են վարչակարգի քաղաքական աստիճանական անցմանը ներսից՝ սիրիացիների ուժերով, ինչը թույլ կտա Սիրիային ինքնուրույն որոշել իր ապագան: Ակնհայտ է, որ Իրանը և Իրաքը օգտագործում են իրենց ազդեցությունը կառավարության և տարածաշրջանի շահագրգիռ կողմերի վրա՝ առաջընթացի հասնելու համար»,- ասել է Անանը Ժնևում լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Անանի կողմից մշակված և պաշտոնական Դամասկոսի կողմից ընդունված ծրագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. ապրիլի 12-ին և նախատեսում էր անհապաղ դադարեցնել ռազական գործողությունները, ծանր հրազենի կիրառումը, ինչպես նաև մարդասիրական միջանցք բացել և թույլատրել լրագրողներին մուտք գործել Սիրիայի տարածք:










































