Սիրիայում նախագահ Բաշար Ալ-Ասադի դեմ հանդես եկող քրդերի երկու հիմնական կազմակերպությունները հայտարարել են, որ միասնական բլոկ են կազմում:
Ինչպես հաղորդում է Agence France Presse-ը, Ազգային քրդական խորհուրդը և Արևմտյան Քրդստանի ժողովրդական խորհուրդը այսուհետ կազմում են միասնական Բարձրագույն քրդական խորհուրդ:
Միավորման մասին որոշում կայացվել է բանակցությունների արդյունքում, որոնց, մասնավորապես, մասնակցել է Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին:
«Մենք ստեղծել ենք միասնական քրդական տուն, որպեսզի համախմբենք մեր ուժերը»,- ասվում է քրդական կազմակերպության հայտարարության մեջ:
Քրդերը կազմում են Սիրիայի 23 միլիոնանոց բնակչության մոտ 9%-ը: Գործակալությունը նշում է, որ նրանք իշխանություններին մեղադրում են իրենց նկատմամբ խտրականություն ցուցաբերելու մեջ:
Մյուս կողմից, քրդերը և մյուս փոքրամասնությունները հիմնականում սուննի արաբներից բաղկացած ընդդիմությանը մեղադրում են Սիրիայի ազգային և կրոնական փոքրամասնություններին մարգինալացնելու փորձերի մեջ:








































