Արկանզասի համալսարանի կենսաբան Փոլ Սիկելը իր կողմից հայտնաբերված արնախում խեցգետնանման կենդանուն, որը բնակվում է Վիրջինյան կղզիների ափերի մոտ, ի պատիվ հայտնի երաժիշտ Բոբ Մառլիի անվանակոչել է նրա անունով: Սա ամենևին էլ չի նշանակում, որ գիտնականը ցանկացել է ծաղրել ճամայկացի երաժշտին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Փոքրիկ ծովախեցգետինը`Gnathia marleyi-ն, ապրում է Կարիբյան ծովի մարջանե խութերում, սնվում ձկների արյամբ:
«Ես կենդանուն անվանել եմ երաժշտի պատվին, քանի որ ինչպես փոքրիկ արարածը, այնպես էլ Մառլիի երաժշտությունը բնության իսկական հրաշք են, բացի այդ` նրանք երկուսն էլ Կարիբյան տարածաշրջանի բնիկներ են»,- ասել է Սիկելը:
Gnathia marleyi-ի երիտասարդ տեսակները թաքնվում են մարջաններում և հարձակվում ձկների վրա: Հետաքրքիր է, որ մակաբույծի մեծ տեսակները գործնականում չեն սնվում, դիմանում են 2-3 շաբաթ և սատկում: Ներկայում գիտնականը ուսումնասիրում է նոր ծովախեցգետնի ազդեցությունը մարջանների վրա:
Կենսաբանները երբեմն հայտնաբերված կենսաբանական կյանքի նոր տեսակներն անվանում են հայտնի մարդկանց անուններով: Ի պատիվ Բարաք Օբամայի անվանակոչվել է քարաքոսը, Էլվիս Փրեսլիի պատվին` կրետը, Մայքլ Ջեքսոնի պատվին` ծովախեցգետինը, Բեյոնսեի պատվին` ճանճը, իսկ նրա դստեր` Բլյու Այվիի պատվին` մարիխուանայի տեսակը:









































