Հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի «Ճիչ» նկարը, որը 2012թ.-ի մայիսին կազմակերպված աճուրդի ժամանակ սահմանել էր ռեկորդ, հնարավոր է` գնել է Նյու Յորքում բնակվող հայտնի կոլեկցիոներ, միլիարդատեր Լեոն Բլեյքը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Ինքը՝ Բլեյքը, և նրա ընկերությունը այս տեղեկությունը չեն մեկնաբանում։
Հիշեցնենք, որ Մունկի հանրահայտ կտավը վաճառվել էր 119.9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ նկարը, որ վաճառվել է բաց աճուրդի ժամանակ։ Նկարի նախնական գինը 40 մլն էր, սակայն վճարված գումարը երեք անգամ գերազանցեց սպասելիքները։ Այդ աճուրդից հետո «Ճիչի» 4 տարբերակներից մեկի նոր սեփականատիրոջ անունը չէր հրապարակվել։
Տեղեկացնենք, որ կտավի մյուս երեք տարբերակները գտնվում են նորվեգական թանգարաններում։ Բլեյքը հայտնի է նաև նրանով, որ 47.9 մլն դոլարով գնել էր Ռաֆայելի «Մուսայի գլուխը» նկարը։








































