Ամերիկյան Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը շարունակում են աշխատանքներ տանել ազգային հրթիռային ծրագրերի ուղղությամբ, որոնք միտված են փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների դիպուկության ու կործանիչ ուժի բարձրացմանը:
Այս մասին նշված է Պենտագոնի պատրաստած հաշվետվությունում, որը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսին: Այդ զեկույցը պատրաստվել է 2012 թվականի հունվարի 29-ին և ստորագրվել է պաշտպանության նախարար Լեոն Պանետայի կողմից: Զեկույցում նշված է, որ նոր հրթիռների մշակման հետ մեկտեղ իրանական բանակը ողջ երկրով մեկ անցկացնում է զորավարժությունները և զինված ուժերը համալրում է նոր ռազմանավերով ու սուզանավերով:
Պենտագոնի գնահատմամբ՝ 2015 թվականին Իրանն արտաքին օգնության շնորհիվ ի վիճակի կլինի փորձարկել իր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Զեկույցում խոսք է գնում նաև Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայի իշխանություններին, լիբանանյան «Հըզբոլլահ», պաղեստինյան ՀԱՄԱՍ և իրաքյան շիական խմբավորումներին Իրանի ցուցաբերած ռազմական օգնության մասին:








































