Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը սկսում է 3000 սոցիալական գործակալների միջոցով գործազուրկների հաշվառման գործընթացը՝ կարգավորելու համար զբաղվածության խնդիրը:
Այս կապակցությամբ կազմվել է 6 կետից բաղկացած պլան, որը երեկ ընդունվել է Վրաստանի կառավարության նիստում: Այս մասին այսօր լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է զբաղվածության հարցերով պետնախարար Պաատա Տրապատիձեն:
Պլանի գլխավոր փուլերում նախատեսվում է ստեղծել աշխատանք փնտրողների լիարժեք բազա, վերլուծության ենթարկել ստացված տվյալները՝ ըստ աշխարհագրական, տարիքային, մասնագիտական և այլ ցուցանիշների, հստակեցնել գործազուրկի իրավական կարգավիճակը, անցկացնել թեստավորում ու դասընթացներ, ինչը մարդկանց կօգնի տեղավորվել աշխատանքի:
Պլանի առաջին փուլն իրականացնելու է առողջապահության նախարարության սոցիալական սպասարկման գործակալությունը, որն անցկացնելու է գործազուրկների մարդահամար: Առաջին փուլի ժամանակ հատուկ պատրաստված 3000 գործակալներ հետագա երեք ամիսների ընթացքում գործազուրկների հաշվառում են անցկացնելու 25 քաղաքներում:
Բացի գործազուրկներից, հաշվառվելու են նաև ընտանիքի աշխատող անդամները՝ նրանց որակավորման բարձրացման համար: Հաշվառվելու են նաև թոշակառուները՝ անկախ նրանց տարիքից, որոնք իրենց դեռ աշխատունակ են համարում:











































