Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լաբերտո Զանիերը երեկ հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Զանիերը վրացական իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել երկխոսություն սկսել.
«Վրացական ընդդիմության ներկայացուցիչներն ինձ ներկայացրել են իրենց բողոքները՝ կապված իրենց պայքարի անհավասար պայմանների ու իրենց համակիրների նկատմամբ խտրական վերաբերմունքի հետ: Ես անպայման մտադիր եմ դիտարկել այդ հարցը, սակայն շատ ավելի կարևոր է, որ իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև երկխոսություն սկսվի, որի ընթացքում վերլուծության կենթարկվեն տվյալ հարցերը:
Դա բխում է յուրաքանչյուրի շահերից: Անհրաժեշտ է, որ տարաձայնությունները հարթվեն, և նախընտրական շրջանն անցի հավասար պայմաններում: ԵԱՀԿ-ում մենք վստահ ենք, որ Վրաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցնելու են ժողովրդավարական միջավայրում, և ընտրական գործընթացը լինելու է հնարավորինս թափանցիկ: Մենք հուսով ենք, որ ընտրություններն իսկապես կարտացոլեն Վրաստանի քաղաքացիների ժողովրդավարական կամարտահայտությունը:
ԵԱՀԿ-ն ողջունում է ընտրությունների համար երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություններ հրավիրելու՝ վրացական իշխանությունների նախաձեռնությունը»:










































