Աշխարհում խոշորագույն Facebook սոցիալական ցանցը մտադիր է պլատֆորմ թողարկել՝ գործատուների կողմից աշխատակիցներ փնտրելու հայտարարությունների համար՝ մրցակցելով գործարար շփման համար նախատեսված LinkedIn սոցցանցի հետ: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Հայտարարությունների օնլայն տախտակին ընկերությունները կարող են գրառում թողնել թափուր աշխատատեղերի մասին՝ այդպիսով աշխատակիցներ փնտրելով 900 միլիոն օգտատերերի շարքում:
Աղբյուրի տվյալներով՝ պլատֆորմի թողարկումը նախատեսված է այս ամռանը, չի բացառվում՝ օգոստոսի սկզբին: Նախնական շրջանում Facebook-ը ծրագրում է նոր պլատֆորմից շահույթ չստանալ: Դեռևս հայտնի չէ՝ սոցցանցը հետագայում այն վճարովի կդարձնի՞, թե՞ ոչ: Facebook-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել նոր նախագծի վերաբերյալ տեղեկությունները:
LinkedIn սոցիալական ցանցի օգտատերերի թիվը ավելի քան 160 միլիոն է՝6 անգամ քիչ Facebook-ի օգտատերերից:
LinkedIn-ի շահույթի մեծ մասը ստացվում է գործատուների և աշխատանք փնտրողների վճարովի հայտարարություններից:









































