Հուլիսի 8-ին Լոձի վոյեվոդության Սիերաձ քաղաքի Բոլոր Սրբերի տաճարին կից գործող կաթոլիկ տանը Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Վատիկանի կոնգրեգացիայի կաթոլիկ կրթության ու քարոզչության հարցերով պատասխանատու, Հռոմի պապի պատվիրակ, կարդինալ Զենոն Գրոխոլևսկու պատվո հովանավորության ներքո տեղի է ունեցել Ստանիսլավ Պինդերայի «Հայաստան. քարերը վերապրում են մարդկանց» լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ներկա են եղել նաև հոգևորական դասի այլ բարձրաստիճան անդամներ, Լոձի վոյեվոդության և մունիցիպալ մարմինների ղեկավարներ, Լեհաստանի հայկական համագումար կազմակերպության, ինչպես նաև լեհ հասարակայնության բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Սիերաձի հոյակերտ տաճարում Հռոմի պապի պատվիրակ կարդինալ Զենոն Գրոխոլևսկին մատուցել է պատարագ, որի քարոզը նվիրված էր հինավուրց ավանդույթներ ունեցող քրիստոնյա հայ ժողովրդին: Հռոմի պապի պատվիրակը, բարձր գնահատելով հայոց եկեղեցու և հայ ժողովրդի դերը քրիստոնեության տարածման և ժամանակակից քաղաքակրթության ձևավորման գործում, համոզմունք հայտնեց քույր եկեղեցիների հետագա մերձեցման հնարավորության վերաբերյալ: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն:









































