Հունիսի 21-ին «Հին Մետեխի» վրացական հյուրանոցում հայկական կոնֆերանսի ժամանակ թաքցված նկարահանող սարք էր հայտնաբերվել:
Մինչ կոնֆերանսի սկիզբը, ներկայանալով, որպես կոնֆերանսի կազմակերպիչներ, մի քանի տղամարդ սրահ էին մտցրել արհեստական ծաղիկներով ծաղկամաններ, որոնց մեջ և տեղադրված էին եղել սարքերը: Դրանք հայտնաբերելուց հետո պարզվել էր, որ ամբողջ կոնֆերանսը նկարահանվել է:
Ոստիկանությունում նյութեր էին նախապատրաստվում, իսկ օրեր առաջ կոնֆերանսի կազմակերպիչներին հայտնել էին, որ տեսագրությունը փորձաքննության է ենթարկվելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը, ով նաև նշեց, որ շատ մանրամասներ փորձում են ոստիկանությունից չհայտնել: Ըստ Առնոլդ Ստեփանյանի՝ իրենց համար արդեն պարզ է՝ ով էր փորձել գաղտնալսել կազմակերպության կազմակերպած կոնֆերանսը:
«Ամեն դեպքում սպասենք, տեսնենք փորձաքննությունն ինչ ցույց կտա, այնուհետև կասենք մեր կասկածների մասին»,- եզրափակեց իր խոսքը Առնոլդ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ կոնֆերանսի շրջանակում հասարակական կազմակերպությունների անդամները հանդիպել էին Վրաստանի ընդդիմության երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հրավիրված էր եղել իշխանական կուսակցությունը ևս, որը չէր ներկայացել: Վրաստանի նախագահական ընտրություններին ընդառաջ կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց ծրագրերն էին ներկայացրել, քննարկել դրանք հայկական համայնքի անդամների հետ, որից հետո տրվել էին հայկական համայնքի համար առաջնահերթ խնդիրների պատասխանները: Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն էր ընձեռվել ընդդիմության կուսակցությունների հետ քննարկել հայ համայնքի համար երեք ամենակարևոր հարցերը՝ հայոց ցեղասպանություն, հայոց լեզվի հարցը Վրաստանում և հայկական եկեղեցիների պահպանությունը:








































