2014 թվականին G 20-ի գագաթնաժողովը կանցկացվի Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը` հղում անելով երկրի վարչապետ Ջուլիա Գիլարդին:
Այս տարի «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի մասնակիցներին հյուրընկալել էր Մեքսիկան: Գագաթնաժողովը տեղի է ունեցել հունիսի կեսերին` Լոս-Կաբոսում: 2013-ին G-20-ը կղեկավարի Ռուսաստանը: Բարձր մակարդակով հանդիպումը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում` սեպտեմբերի սկզբին: Այնուհետև քսանյակի ղեկավարությունը կանցնի Ավստրալիային:
Քուինսլենդ նահանգի Բրիսբեն քաղաքը տեղակայված է մայրցամաքի արևելյան ափին և բնակչության թվով (2,1 մլն) համարվում է Ավստրալիայի երրորդ քաղաքը` Սիդնեյից և Մելբուռնից հետո: Բրիսբենից Սիդնեյ ընկած հեռավորությունը 730 կմ է: Ջուլիա Գիլարդը նշել է, որ քաղաքը մասնակիցներին կհյուրընկալի նոյեմբերին: Ավստրալիայում նոյեմբերը գարնան վերջին ամիսն է:










































