ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կարծում է, որ ոչ առևտրային կազմակերպությունների վերաբերյալ ռուսական նոր նախագիծը վտանգ է պարունակում ռուս ժողովրդի համար:
Անցած ուրբաթ Պետդուման ընդունել էր օրինագիծ, ըստ որի՝ արտասահմանից ֆինանսավորում ստացող և քաղաքականությամբ զբաղվող ռուսական ոչ առևտրային կազմակերպություններին շնորհվելու է «արտասահմանյան գործակալի» կարգավիճակ: Օրինագիծը դժգոհություն է առաջացրել շատ հասարակական կազմակերպությունների շրջանում:
Հիլարի Քլինթոնն ասել է, որ Սանկտ Պետերբուրգում եղած ժամանակ հանդիպել է քաղաքացիական հասարակության ակտիվիստների հետ, ովքեր խիստ անհանգստացած են Պետդումայի կողմից ընդունված օրինագծի կապակցությամբ, որը ոչ միայն հետապնդում է արտասահմանյան ոչ առևտրային կազմակերպություններին դրանց ֆինանսավորմամբ, այլ նաև ազգային ոչ առևտրային կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը: Քլինոնի խոսքերով` դա մեծ վտանգ է իրենից ներկայացնում ռուս քաղաքացիների ստեղծագործական պոտենցիալի համար:









































