Եգիպտոսի խորհրդարանը, չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, հավաքվել է հերթական նիստին, հաղորդում է Agence France-Presse-ը: Հունիսի 14-ին Եգիպտոսի սահմանադրական դատարանը օրենսդրական ժողովի ներկա կազմը ճանաչեց անօրինական՝ ընտրություններում թույլ տրված խախտումների պատճառով: Խորհրդարանի շենքի մոտ կանգնեցվել էր զինված պահակախումբ, որը պետք է թույլ չտար լեգիտիմությունը կորցրած պատգամավորների մուտքը:
Այնուամենայնիվ, հուլիսի 8-ին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին ստորագրեց դեկրետ, որում Սահմանադրական դատարանի որոշումը համարվում է անօրինական: Դրանով իսկ նա պատգամավորներին վերադարձրել է օրինականությունը և թույլատրել նրանց վերսկսել աշխատանքները ներկայիս կազմով:
Նախագահի այդ որոշումը սուր քննադատության տեղիք է տվել Եգիպտոսի ազդեցիկ գեներալների կողմից. Սպաները՝ ֆելդմարշալ Հուսեյն Տանտաուիի գլխավորությամբ, կոչ են արել պետության ղեկավարին հարգել սահմանադրությունը, որում ոչինչ չի ասվում նախագահի կողմից Սահմանադրական դատարանի որոշումը չեղյալ համարելու իրավունքի մասին:
Եգիպտոսի ներկայիս խորհրդարանում մեծ տեղ են զբաղեցնում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության չափավոր իսլամիստները: Մուրսին նույնպես նշված կազմակերպության ներկայացուցիչ է եղել, ուստիև չի ցանկանում, որպեսզի վերանայվեն խորհրդարանկան ընտրությունների արդյունքները: Եգիպտացի զինվորականները ստեղծված իրավիճակը վտանգավոր են համարում: Նրանք պաշտպանում են Սահմանադրական դատարանի որոշումը՝ ներկայիս խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ հայտարարելու մասին:










































