Chicago Tribune պարբերականը հոդված է հրապարակել հայտնի հյուրանոցային «Hyatt Hotels» կորպորացիայի նախագահ և գլխավոր տնօրեն Մարկ Հոփլամազյանի մասին: Լանդշաֆտային դիզայներ և կապալառուի որդի Մարկ Հոփլամազյանը երկար ժամանակ եղել է ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիքներից մեկի`հյուրանոցային ցանցի սեփականատեր Ջեյ Փրիթցկերի աշխատողը, այնուհետև դարձել հրեա ընտանիքի բարեկամը: Հոփլամազյանի ղեկավարությամբ, ընկերությունը դուրս է եկել պահպանողական կաղապարներից և մի քանի քայլ առաջ անցել մրցակիցներից:
Հայ ներգաղթյալների թոռը, բիզնես կառավարման գծով 25-ամյա նորաթուխ մագիստրոսը 1989 թվականին աշխատանքի է անցել Ջեյ Փրիթցքերի մոտ:
«Երբ նա եկավ մեզ մոտ, ոչ ոք չէր կարողանում արտասանել նրա ազգանունը, այսպիսով ես նրան անվանեցի Շտեյնբերգ»,- պատմել է Թոմ Փրիցքերը, որը ղեկավարում է The Pritzker Organization-ը` հաջորդելով հանգուցյալ հորը:
Ազգանվան փոփոխության հնարքին Հոփլամազյանը պատասխանել է` նամակում գրելով հայ ժողովրդի և իր ազգանվան պատմության մասին, բացատրելով որ իր ազգանունը նշանակում է «լուրջ մարդ»: Նա իր նամակն ավարտել է կատակով. «Եթե սա համոզիչ չէ, և Շտեյնբերգը վերջնական լուծում է, ապա ինձ հրավեր պետք կլինի հրեական Զատիկի համար»:
«Նա դա շարադրել էր շատ ջերմ, բարի և միևնույն ժամանակ շատ արդյունավետ կերպով: Ես դա երբեք չեմ մոռանա»,- ասել է Թոմ Փրիցքերը:
Նրա դիվանագիտական պատասխանը ցնցել է Փրիթցքերին: Այդ պահից ի վեր Հոփլամազյանը դարձել է «Hyatt Hotels» կորպորացիայի առաջատար աշխատակիցը: Կնքել է բազմաթիվ շահավետ գործարքներ, օգնել ընտանիքին ծանր ժամանակաշրջանում:
48-ամյա Հոփլամազյանը 2006 թվականից ղեկավարում է 45 երկրում 90 հազար աշխատող ունեցող կորպորացիան:







































