1855թ. այս օրը Փարիզում հրապարակախոս, գրող, խմբագիր, թարգմանիչ, մանկավարժ Ստեփան Ոսկանյանի (Ստեփան Ոսկան) խմբագրությամբ լույս տեսավ «Արևելք» կիսամսյա հանդեսը: Հանդեսը դադարեց տպագրվել 1856թ.:
Ստեփան Ոսկանյանը ծնվել է 1825թ. Զմյուռնիայում, սովորել ծննդավայրի Մեսրոպյան վարժարանում: Ավարտելուց հետո որպես ուսուցիչ աշխատել է նույն դպրոցում, 1846-ին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում: Ականատես է եղել և մասնակցել 1848-ի հեղափոխական դեպքերին, ձերբակալվել է և բանտարկվել: Ազատ արձակվելուց հետո ավելի ամուր է կապվել նոր գաղափարներին:
1852-1854թթ. Կ. Պոլսում և Զմյուռնիայում տպագրել է (ծածկանունով) «Ներքին համոզումն» (1853) և «Հռոմէական պարգև» (1854) պամֆլետները: 1855-1856թթ. Փարիզում մի խումբ համախոհների հետ հրատարակել է «Արևելք», 1859-ին և 1864-1865թթ.` «Արևմուտք» հանդեսները: Այստեղ ծանոթացել է Միքայել Նալբանդյանի հետ, արտատպումներ արել «Հյուսիսափայլից»:
1850-1860-ական թթ. հայ գեղարվեստական արձակի և հրապարակախոսության արժեքավոր նմուշներից են Ոսկանյանի «Ազգային պակասութիւն», «Հայ դիւցազնուհի մը», «Խաչատուր Աբովեան», «Քսանչորս ստութիւնք», «Լեռնականք», «Հայրենիք եւ հայրենասիրութիւն» և այլ գործեր: Ստեփան Ոսկանը եղել է աշխարհաբարի կողմնակից, գրել է հղկված և պատկերավոր լեզվով, մեծ տեղ է տվել լուսավորությանը: Գրել է պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական գործեր, կատարել թարգմանություններ ֆրանսիական գրականությունից:
Մահացել է 1901թ. Զմյուռնիայում:








































