Հայաստանի թենիսի ֆեդերացիան և Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) հուլիսի 9-14-ը Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացնում են «Ամերիա Գավաթ» Futures դասի տղամարդկանց թենիսի պրոֆեսիոնալ մրցաշար, որի համար «Ամերիա» ընկերությունների խումբը սահմանել է մրցանակային ֆոնդ՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով։
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի պատասխանատու Արևիկ Ուդումյանը պատասխանեց «Առաջին լրատվական»-ի հարցերին։
-Կարո՞ղ ենք «Յու Քոմ Քափ» մրցաշարը համարել կայացած։
-Անշուշտ, համարում ենք, որ մրցաշարը կայացել է, և, առհասարակ, 2007 թվականից սկսել ենք անցկացնել միջազգային մրցաշարեր և դրանցից յուրաքանչյուրը համարում ենք կայացած ոչ միայն մենք, այլև Թենիսի միջազգային ֆեդերացիան, որը շատ ուշադիր և պահանջկոտ է՝ հետևելով մրցաշարի բոլոր խաղերին ու կազմակերպչական հարցերին։
-Ինչպե՞ս կգնահատեք հայ թենիսիտների ելույթները։
-«Յու Քոմ Քափ»-ի ընթացքում հաջող հանդես եկավ Տիգրան Մարտիրոսյան-Խաչատուր Խաչատրյան զույգը՝ զուգախաղերում, սակայն ես հուսով եմ և հավատում եմ, որ «Ամերիա Քափ»-ի ժամանակ ավելի լավ արդյունքներ կարձանագրենք։ Պետք է հաշվի առնենք նաև, որ Տիգրան Մարտիրոսյանը հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում ու խաղում է մեր դրոշի ներքո։ Նա «Յու Քոմ Քափ»-ի ժամանակ հնարավորություն է ունեցել բացվելու և «Ամերիա Քափ»-ում ավելի լավ ելույթ կունենա։
-Կա՞ն նոր մրցաշարեր կազմակերպելու նախագծեր։
-Միջազգային մրցաշարեր ամեն տարի անցկացնում ենք։ Առաջիկայում պատրաստվում ենք անցկացնել մրցաշար լրագրողների միջև։






































