Չինաստանի տարածքը առք ու վաճառքի չի ենթարկվում: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լյու Վեյմինը՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Ճապոնիայի կառավարությունը բանակցություններ է վարում «մասնավոր սեփականատերերի» հետ Սենկակու կղզիների մի մասն «ազգայնացնելու» վերաբերյալ:
«Դյաոյույդաոն և նրան հարող կղզիները հնուց հանդիսանում են Չինաստանի տարածք. չինական կողմը այդ հարցում անհերքելի պատմական և իրավական հիմքեր ունի»,- մեջբերում է նրա խոսքերը Xinhua գործակալությունը:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Չինաստանի սրբազան տարածքը «ոչ մի պայմանով որևէ անձի կողմից առքուվաճառքի չի ենթարկվի: «Չինաստանի կառավարությունը կշարունակի անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել պետության ինքնիշխանությունը Դյաոյույդաոյի արշիպելագի և նրան հարող կղզիների վրա վճռականորեն պաշտպանելու համար»,- ընդգծել է դիվանագետը:









































