Դեպի Կոսովո խաղաղապահ առաքելության վերսկսումը կարելի է բնութագրել որպես Հայաստանի՝ արևմտյան արժեհամակարգին ինտեգրվելու հերթական ձևական քայլ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը:
Նրա խոսքով, այս որոշումը Սերժ Սարգսյանի՝ բրյուսելյան վերջին այցի ընթացքում եվրոպական կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է: «Ընդ որում` Հայաստանի և եվրոպական կառույցների՝ միմյանցից ունեցած ակնկալիքները երկկողմանի են»,- նկատեց փորձագետը:
Սարո Սարոյանը հատկանշական համարեց այն, որ մեկ անգամ չէ, որ մեր երկիրը պաշտոնապես հայտարարել է եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու մասին: «Այս ուղղությամբ քայլեր կատարվել, կատարվում և դեռ կատարվելու են: Պարզապես ամբողջ խնդիրը նրանում է, որ կողմնորոշումը չպետք է ձևական բնույթ կրի, այդ համոզմունքը պետք է ներսից լինի: Ինտեգրացիոն ծրագրեր ստանձնած, դրանք կատարելու պատրաստակամություն հայտնած մարդկանցից շատ բան է կախված»,- նկատեց ՌԱՀՀԿ փորձագետը:
Հիշեցնենք, որ Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ ստորաբաժանումը կրկին վերադառնում է Կոսովո: 35 հոգանոց խաղաղապահ դասակն, ամենայն հավանականությամբ, ծառայություն կանցկացնի ամերիկյան զորամիավորման կազմում:
Հայկական զորախումբը Կոսովոյից դուրս էր բերվել այս տարվա փետրվարին, քանի որ Հունաստանը դադարեցրել էր խաղաղարար առաքելությանն իր մասնակցությունը, իսկ հայկական դասակն առաքելությանը մասնակցում էր հունական զորախմբի կազմում:
Այժմ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ամերիկյան կողմի հետ:
Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի











































