ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Բարնի Ֆրենկը ամուսնացել է իր զուգընկերոջ` Ջեյմս Ռիդիի հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ֆրենկը դարձել է առաջին գործող ամերիկացի միասեռական կոնգրեսականը, որը ամուսնացել է: Ջեյմս Ռիդիի հետ ամուսնանալու ցանկության մասին Բարնի Ֆրենկը հայտարարել էր 2012-ի հունվարին:
72-ամյա Ֆրենկի և 42-ամյա Ռիդիի ամուսնության արարողությունը տեղի է ունեցել շաբաթ` Բոստոնում: Պսակադրությանը մասնակցել է Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը: Արարողությանը հաջորդած խնջույքին ներկա է գտնվել նաև Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին:
Նշենք, որ միասեռական ամուսնությունները նահանգում թույլատրվում են 2004 թվականից:
Բարնի Ֆրենկը`Մասաչուսեթս նահանգի շրջաններից մեկի կոնգրեսականը, ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին հայտարարել էր 1980-ականների վերջին` դառնալով նման խոստովանություն կատարած ամերիկացի առաջին քաղաքական գործիչներից մեկը: Ֆրենկը հայտնի է ոչ միայն որպես գեյերի և լեսբուհիների իրավունքների պաշտպան, այլև մի շարք կարևոր տնտեսական նախագծերի հեղինակ է: Նա մշակել է ֆինանսական կարգավորման համակարգի բարեփոխման օրենքը, որը 2010-ին ընդունվել է Բարաք Օբամայի կողմից:
2011-ի նոյեմբերին Բարնի Ֆրենկը, որը կոնգրեսականի պաշտոնը զբաղեցնում է 1981 թվականից, հայտարարել էր, որ մտադիր չէ հերթական անգամ վերընտրվել այդ պաշտոնում: Նրա լիազորություններն ավարտվում են 2012-ի վերջին:











































