Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր առավոտյան զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանին՝ վերահաստատելու, որ շարունակում է հաստատուն մնալ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման մեջ՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր օրինագծի հարցում։
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջում, Օլանդը հայ համայնքի ներկայացուցչի հետ կրկին խոսել է համապատասխան օրինագիծ առաջարկելու իր ցանկության մասին, որը արտահայտել էր նաև նախագահական ընտրարշավի ընթացքում։
Ֆրանսիայի նախագահը մինչև այս ամսվա վերջ հանդիպում է ունենալու հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ՝ քննարկելու համար նախագծի տեքստի հետ կապված մանրամասները։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հազիվ թե Ֆրանսիայում «վերակենդանացվի» Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը, որը փետրվարին մերժվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից:
Համատեղ ասուլիսի ժամանակ Ֆաբիուսի թուրք պաշտոնակից Ահմետ Դավութօղլուն հայտարարել էր, թե Թուրքիան վերացնում է ավելի վաղ Ֆրանսիայի նկատմամբ սահմանած իր այսպես կոչված պատժամիջոցները:









































