Ֆրանսիայի հարավում այսօր մեկնարկում է աշխարհի խոշորագույն թատերական փառատոնը: Միջնադարյան ֆրանսիական քաղաք Ավինյոնը 66-րդ անգամ կվերածվի եվրոպական թատերական մայրաքաղաքի, որտեղ 3 շաբաթվա ընթացքում նոն ստոպ ռեժիմով իրենց ներկայացումները կցուցադրեն աշխարհի տարբեր անկյուններից ժամանած ավելի քան 500 թատերական կոլեկտիվներ:
Կազմակերպիչների փոխանցմամբ՝ այս անգամ փառատոնի պաշտոնական ծրագրում ներկայացված են 35 բեմադրություններ, որոնց մեծամասնությունը հատուկ նախատեսված է ավինյոնյան տոնի համար: Այս տարի փառատոնի գեղարվեստական ղեկավարի դերում հանդես կգա լոնդոնյան Complicite թատրոնի ռեժիսոր Սայմոն Մակ-Բերնին:
Պաշտոնական մասի մեկնարկից մի քանի օր անց կբացվի Off ծրագիրը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Կազմկոմիտեն նշում է, որ փառատոնի գլխավոր նպատակը երկրների միջև սահմանների վերացումն է և դերասանների ու հանդիսականների միջև երկխոսության հաստատումը: Ներկայացումների միջև ընդմիջումների ընթացքում կկազմակերպվեն կլոր սեղաններ, հանդիպումներ, քննարկումներ:
Փառատոնը հիմնադրվել է 1947 թվականին հայտնի ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Ժան Վիլարի կողմից: Այն ամեն տարի անցկացվում է հուլիսին՝ բաց երկնքի տակ:
Անցած տարի միջոցառմանը մասնակցել են 969 թատերական խմբեր՝ ցուցադրելով ավելի քան 1140 ներկայացումներ:









































