Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ նա «ամեն ինչ անում է Իսրայելին պաշտպանելու համար»:
«Ինչո՞ւ Էրդողանը Mavi Marmara-ի միջադեպից հետո ոչինչ չձեռնարկեց՝ բացի բացականչություններից: Ինչո՞ւ նա սկզբում մարտահրավեր նետեց Իսրայելին, իսկ հետո անսպասելիորեն համաձայնեց իր տարածքում տեղադրել ամերիկյան ՀՀՊ տարրեր: Նա դա արեց Թուրքիայի ազգային անվտանգությունը թշնամական պետության կողմից պաշտպանելո՞ւ համար: Ամերիկացիներն այդ բազաները ստեղծում են, որպեսզի տարածաշրջանում իրենք իրենցի՞ց պաշտպանվեն: Ոչ: Ուստի Էրդողանը ամերիկյան բազան տեղադրել է Իսրայելին պաշտպանելու համար: Հենց դա էլ ցույց տվեց Էրդողանի իսկական էությունը»,- ասել է Սիրիայի նախագահը:
Ինչպես հաղորդում է իսրայելական MIGnews գործակալությունը, Ասադի խոսքերով՝ արաբներն այլևս չեն հավատում Էրդողանին: Թուրքիան սկսել է ուղղակիորեն միջամտել Սիրիայի գործերին, և դա միանգամայն անընդունելի է: Ասադը հատուկ նշել է, որ Թուրքիայի կառավարության քաղաքականությունը վտանգավոր է և՛ թուրք, և՛ սիրիացի ժողովրդի համար:
«Էրդողանը հանկարծ, պատահաբար սե՞ր զգաց սիրիացի ժողովրդի նկատմամբ, անհանգստացա՞վ նրա խնդիրներով: Ինչո՞ւ նա պետք է ավելի շատ անհանգստացած լինի, քան ես: Թող զբաղվի սեփական խնդիրներով, իր «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությամբ և չմիջամտի մյուսներին»,- ասել է Ասադը:










































