Գլենդելում Հայաստանի հյուպատոսության դիմաց երեկ տեղի է ունեցել բողոքի ակցիա` ի հիշատակ ՀՀ պաշտպանության նախարարության բուժծառայության մայոր, 33-ամյա Վահե Ավետյանի: Ինչպես տեղեկացնում է Glendale News Press-ը, շուրջ 100 ցուցարարներ պահանջել են օրենքի ողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին:
Գլենդելի քաղաքապետարանի պաշտոնաթերթը հիշեցնում է, որ Վահե Ավետյանին և նրա 3 գործընկերներին դաժանաբար ծեծել էին հունիսի 17-ին` մայրաքաղաք Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: 12 օր անց երկու երեխաների հայրը մահացել էր հիվանդանոցում: Նրանց ծեծի էին ենթարկել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի անվտանգության երկու աշխատակիցները:
Ինչպես նշում է պարբերականը, միջադեպը մեծ արձագանք է գտել Հայաստանում և նր սահմաններից դուրս:
Գլենդելի ցուցարարները հայտնել են, որ սա թիկնազորի կողմից ծեծի առաջին դեպքը չէ, սակայն այս մեկը ցնցող է, քանի որ Ավետյանը անմեղ զոհ է: Ցուցարարները իրենց զայրույթն են արտահայտել` Ռուբեն Հայրապետյանին կոչելով ավազակ:
«Նա ահաբեկում է մարդկանց,- ասել է Վեն Նայս շրջանի բնակիչ Արմեն Բարսեղյանը,- մենք ուզում ենք, որ Հայաստանում վերջ դրվի ահաբեկությանը»:
Բողոքի ակցիան կազմակերպել էր Լոս Անջելեսում հայտնի հեռուստալրագրող Ռուդիկ Հովսեփյանը:
Ցուցարարները մտադիր էին նամակ հղել հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանին` պահանջելով պատժել մեղավորներին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, սակայն հյուպատոսարանի փակ լինելու պատճառով նրանք իրենց «մեսիջը» փոխանցել են`դարպասներին փակցնելով սպանված բժշկի լուսանկարը:
«Մենք այստեղ ենք`պահանջելու արդար դատավարություն,- ասել է ցուցարար Գայանա Մանուկյանը:- Եթե այս ցույցը չկազմակերպեինք, դա կարող է տեղի ունենալ կրկին ու կրկին: Մեզանից յուրաքանչյուրը կարող է արժանանալ Վահե Ավետյանի ճակատագրին»:









































