Դոլարի պահպանվող բարձր պահանջարկի արդյունքում դրամի արժեզրկումը կշարունակվի, բորսայում և հաղթահարման հնարավոր մակարդակը կարող է լինել միջինը 425 դրամ գնային շեմը, իսկ կանխիկ շուկայում վաճառքի գինը կարող է հասնել մինչև 427 դրամի: Նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Forex club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը՝ նշելով, որ դա տեղի կունենա բազային սցենարի զարգացման դեպքում, այսինքն՝ եթե համաշխարհային շուկայում իրադարձությունները զարգանան այսպես:
«Բոլոր այն դրական նախապայմանները, որ հայտնվել են ԵՄ ղեկավարների հունիսի 28-ին կայանալիք հանդիպումից հետո, եթե որոշակիորեն մեղմեն եվրոպական արժութային ճգնաժամի զարգացումների տեմպը, ապա տարվա վերջում ԱՄՆ դոլարը կարող է արդեն հասնել 425 դրամի, իսկ եթե համաշխարհային շուկայում իրադարձություններն էլ ավելի վատանան, ապա մեր քաղաքացիները և բիզնեսը շատ ավելի նախապատվություն կտան ամերիկյան արժույթին՝ այն հասցնելով 460-470 դրամ մակարդակին»,- ասաց Վերդյանը:
Մ.Վերդյանը նշեց, որ ներկրողներն իրենք են ձևավորում պահանաջարկը շուկայում, և եթե դրամի արժեզրկումը շարունակվի, ապա որոշ ապրանքատեսակների գների աճ կլինի, կամ էլ պետք է սպառումը նվազեցվի:









































