Հրապարակախոս, քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը, իր իսկ բնորոշմամբ, սահմանադրական մշակույթի կրող է: «Ես համարում եմ, որ սա հանրային պայմանագիր է, որը կանոնակարգում է մարդկանց հարաբերությունները տվյալ տարածքում: Միայն այս պայմանագիրը պիտի գործի ՀՀ-ում, այլ ոչ՝ գողականների ու մականունավորների քրեաօլիգարխիկ բարքերից բխող հանցավոր պայմանավորվածությունները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միայն Սահմանադրությունը կարող է մարդկանց դարձնել այս երկրում իրավահավասար ու օրենքի առջև հավասար: Սահմանադրական կարգի հաստատումը մեր երկրում պայքարի հիմնական նպատակն է:
Նա վստահեցրեց, որ այսօր քաղաքացիական իրավագիտակից հանրույթ է ձևավորվում, և նորածին պայքարը օլիգարխիայի ամենաթողության դեմ դրա վառ ապացույցն է: Իսկ հանրային պայքարի ալիքը չի դադարելու, այլ մեծանալու է՝ ներառելով բոլոր քաղաքական և հասարակական շերտերը, քանի որ հստակ է մի բան, մենք հանրապետություն ենք, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Իսկ ժողովուրդը, նրա խոսքով, այլևս այս ոչ սահմանադրական բարքերը հանդուրժել չի ցանկանում ու պայքարելու է հանուն հանրապետության:











































