Ռուսաստանը հավանություն չի տա Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այն, ինչ դուք ասացիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում հարկադիր միջոցառումների վերաբերյալ, այդ թվում՝ խաղաղություն հաստատելու համար գործողություններ անցկացնելու շուրջ, դա հենց ոչ այլ ինչ է, քան ինտերվենցիա: Մենք դրան չենք կարող հավանություն տալ»,- ասել է նա:
Լավրովը նաև հայտարարել է, որ Արևմուտքի կողմից իր դիրքորոշման պահպանումը Սիրիայի հարցում կարող է հանգեցնել դրության վատթարացմանը, անգամ պատերազմի:
Խոսելով օրերս շրջանառվող այն լուրերի մասին, որ Արևմուտքը փորձում է համոզել Ռուսաստանին քաղաքացիական ապաստան տալ Սիրիայի նախագահին՝ Լավրովն ասել է, որ Գերմանիայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպմանը նման առաջարկ հնչել է, սակայն Ռուսաստանը դա ընդունել է որպես կատակ և կատակով պատասխանել. «Ավելի լավ է դուք՝ գերմանացիներդ վերցրե՛ք Ասադին, եթե նա կցանկանա ինչ-որ տեղ գնալ»:











































