Երեկ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովը եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:
Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը համանախագահները, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր:
Ավելի վաղ համանախագահները երեկ հանդիպել էին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: «Հանդիպմանը կարեւորվեց 2010թ. դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովին ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հնգակողմ հայտարարությունը: Զրույցի ընթացքում քննարկվեցին հունվարի 24-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները», ասվում է ՀՀ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մեջ:
«Ժամանակ»-ը երեկ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանից տեղեկացավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում կայցելեն Ստեփանակերտ: Ղարաբաղում, համենայնդեպս, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին սպասում են այսօր: Մեր հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն ԼՂՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այս այցից` Դ.Բաբայանը նշեց, որ առանձնակի սպասումներ չունեն, կարծում են, որ ընդհանուր քննարկումներ կընթանան եւ ակնկալել, թե կարող է այս այցը բեկումնային լինել` իրատեսական չէ:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցի ընթացքում անդրադառնալով համանախագահների տարածաշրջանային այցին` փաստեց, որ Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած եռակողմ բանակցություններից հետո բանակցություններ` որպես այդպիսին, չկան. «Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը եղել են թե՛ Աստանայում, թե՛ դրանից հետո` դեկտեմբերին Մոսկվայում, բայց հանդիպումներ` անգամ Ռուսաստանի միջնորդությամբ հնարավոր չի եղել կազմակերպել, եւ դրա պատճառը Ադրբեջանն է, որը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ արդեն չորս ամիս: Սա բանակցային գործընթացում շատ լուրջ փակուղային իրավիճակ է: Միգուցե համանախագահների այս այցը դրանով է պայմանավորված, որպեսզի փորձեն տեղից շարժվել»:
Վ.Կարապետյանը համանախագահների տարածաշրջանային այցում խիստ կարեւորեց եւ մատնանշեց նրանց կողմից Ստեփանակերտ այցելությունները. «Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի համանախագահները այցելեն Ղարաբաղ, եւ հերթական անգամ չգրանցվի Ղարաբաղի մեկուսացումը պրոցեսից: Վերջին տարրն էր, որ համանախագահները գոնե այցելում են Ղարաբաղ, մենք պետք է հետեւողական լինենք այս հարցում: Եթե չգնան Ղարաբաղ` դա լրջագույն ձախողում կլինի»:
Կոնգրեսի ներկայացուցիչը, սակայն, համանախագահների այցի հիմնական նպատակներից մեկը համարեց այն, որ միջնորդները կողմերին կներկայացնեն ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի նախագիծը, որը շուտով պետք է հրապարակվի:
«Ժամանակ» օրաթերթ







































