Գերմանիայի Հանովեր և Համբուրգ քաղաքների միջև երկաթուղային հաղորդակցությունը 8 ժամով դադարեցվել է: Պատճառը եղել է երկու կիլոմետրանոց հատվածում էլեկտրահաղորդակցության մալուխների և ռելսային միակցիչների գողությունը:
Մալուխների բացակայությունը երեկ՝ երեկոյան, նկատել են երկաթուղային Deutsche Bahn կոնցեռնի աշխատակիցները: Վերանորոգման աշխատանքների համար, որոնք տևել են մինչև այսօր առավոտ, Հանովերի և Համբուրգի միջև ընկած հատվածում էլեկտրականությունն անջատվել է: Արդյունքում 100 գնացք, այդ թվում՝ բեռնատար, շարժվել են փոխված երթուղով:
Աշխատանքային օրվա սկզբին աշխատանքներն ավարտվել են, և գնացքները նշված հատվածով երթևեկել են՝ ըստ չվացուցակի:








































