Թուրքական Cihan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը զգուշացրել է Հարավային Կորեային, ով հայտարարել է, թե հուլիսի 1-ից դադարեցնելու է իրանական նավթի ներկրումը՝ կապված Իրանի բանկային ու նավթային սեկտորների նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցների ուժի մեջ մտնելու հետ:
Իրանը Հարավային Կորեային սպառնացել է ամբողջովին դադարեցնել այդ երկրի հետ առևտուրը, ինչը մասնավորապես վերաբերում է հարավ-կորեական ապրանքների ներկրման կասեցմանը:
Հարավային Կորեայի 2700 ընկերություն ապրանք է վաճառում Իրանին: 2011 թվականին Իրանի ու Հարավային Կորեայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է ավելի քան 6 միլիարդ դոլար: Այժմ իրանական կողմը հայտարարում է, որ եթե Հարավային Կորեայի կառավարությունը դադարեցնի իրանական նավթի ներկրումը, ապա Իրանի կառավարությունն էլ արգելք կդնի հարավ-կորեական բոլոր ապրանքների ներկրման վրա:








































